«Ձայնը, որ պատմում է նրանց մասին, ինքնանկարից է գալիս»
19.05.2020 | 01:32
Բանաստեղծ, թարգմանիչ ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ստեղծագործությունները հանդիպում են գրական ամենատարբեր պարբերականներում: Նրա թարգմանությամբ ընթերցողի սեղանին են դրվել Մարկ Տվենի «Թոմ Սոյերը՝ խուզարկու» և Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» գրքերը («Դարակ» հրատարակչություն): Պոեզիան, մեր ժամանակը, մեկուսացում, ծրագրեր՝ կապված արվեստագիտության և զբոսաշրջության համադրման հետ: Զրույցը այս թեմաների շուրջ է:
-Պոեզիայի մեջ լռությու՞նն է շատ, թե՞ բառը:
-Պոեզիան լռության և բառի հավասարակշռություն է: Բառերի միջակայքերում միշտ շնչառություն կա, որ երբեմն երկար դադարներով ես վերցնում և այդ դադարների ընթացքում հասցնում դիտել, թե ինչպես են փոխվում երկնքի գույները, մեկ-երկու դարակ դասավորել, մտածել, թե այս մի բառն ինչպես կհնչեր ֆրանսերենով կամ անվերջ կրկնվող հիշողությունների մասին, որ տեղավորվել են ներսումդ այնքան, որ դարձել են ներկա ավելի, քան այն, ինչ կա հիմա։ Երբեմն շունչդ սկսում է կտրվել, հևում ես, երբ վազում ես բառի հետևից ու չես հասցնում հասկանալ, թե այն, ինչ կա հիմա, իրականում կա՞, թե՞ ոչ:
Իրականում լռությունը երևի թե բառի մեջ է ապրում, և բառը գրելը կամ բարձրաձայնելը այդ լռությունը բացատրելու, բառի միջից այն լսելի դարձնելու փորձ է: Այն հատկապես ձևակերպված է դառնում, երբ ընթերցողի ձայնի տարածության մեջ է հայտնվում, այդ ժամանակ և այդտեղ էլ սահմանվում է լռության և բառի հարաբերակցությունը. բառի և լռության տիրույթում հայտնվելով՝ բանաստեղծությունն ընթացքի մեջ է մտնում, համադրվում կամ հակադրվում, լռում, աղմկում և երկկողմանի արձագանքումներ ամրագրում:
-Դադա՞ր, թե՞ շարժում է բանաստեղծությունը:
-Զգացումների և ընթացքի ամփոփում է բանաստեղծությունը, երբ այս ամենն ավարտուն է դառնում, ինչ-որ չափով բանաստեղծությունը դադար է առնում, բայց այդ դադարը միայն բանաստեղծության արտաքին տեսքի մեջ է՝ տողերի դասավորության, համաչափության: Ինչ-որ պահի քեզ էլ թվում է, թե բանաստեղծությունը դադարել է, բայց դա երկխոսության ավարտից հետո մնացած լռությունն է, որի մեջ նաև դու ես լռում: Հետո բանաստեղծությունը սկսում է խոսել քո անունից, իր սեփական իրականությունը ստեղծել, և այդտեղ սկսվում է իր ներսի շարժումը՝ բառից բառ գնացող տարածությունները, որ հատվում են անընդհատ:
-Պոեզիան կարո՞ղ է կորչել համատարած աղմուկի մեջ:
-Պոեզիան ցույց է տալիս գտնելու ճանապարհը, այն չի կարող ուղղակի աներևույթ դառնալ: Սիորանն ասում էր՝ չարժե ինքդ քեզ պարտադրել որևէ ստեղծագործություն գրելու ջանքը: Պետք է ընդամենը որևէ բան ասել, որը կարելի լինի շշնջալ հարբեցողի կամ մեռնողի ականջին: Պոեզիան, որ այսպիսին է, նույնիսկ համատարած աղմուկի մեջ շշնջալու դեպքում լսելի կլինի, կլինի անվերջ ձգվող պատի անկյունում գրված տողի պես, որ մեծ տառերով և կարմիրով գրված բառի կողքին գրեթե աննկատ է, բայց անհրաժեշտաբար ընթացող՝ որպես մաս այն շղթայի, որ յուրաքանչյուրս կառուցում է նույնիսկ մեր անփութության և անկանոնության միջից:
-Այս պարտադրված մեկուսացումը, կանգնած ժամանակը, անհասկանալի տրամադրությունները նոր գործերի նյութ կարո՞ղ են դառնալ:
-Մեկուսացումը և այս բոլոր տրամադրությունները, որ ամրագրվում են յուրաքանչյուրիս մեջ, րոպե առ րոպե վերափոխվում կամ վերադառնում, մանրամասն ուսումնասիրելու տարածություններ են, որ բացվել են մեր առջև: Մտածելու ժամանակը շատ է, միշտ էլ կա մտածելու ժամանակ, բայց հիմա հատկապես, որովհետև ինքներս մեզ շեղելու ձևերը սահմանափակ են, չենք կարող հրաժարվել կամ հետաձգել պահը. ներկայի զգացողությունը շատ տեսանելի է դարձել, և մենք հաշվի ենք նստում դրա հետ:
Այս օրերին, օրինակ, շատ եմ հիշում Ռոբեր Դեսնոսի բանաստեղծությունից մի հատված. մի ժամանակ ծնողներս մենակ էին գնում թաղումների, ու ես ինձ զգում էի փոքր երեխա: Այս բառերն անընդհատ մտքերիս հոսքի մեջ են մտնում: Մեկուսացումն այդ փոքր երեխայի կարգավիճակից հանել է մեզ, հասունության, պատասխանատվության զգացողությունն ընդգծվել է, այլևս չենք շտապում, ոչինչ չենք հեռացնում մեզնից, ամեն ինչ գալիս է դեպի ներս: Այս ներս գալու ընթացքի մեջ էլ տեքստեր են հայտնվում, որոնք երևի դեպի «դուրս» տանող ճանապարհներից են:
-Համամի՞տ եք այն տեսակետին, որ գրող լինելու համար նպաստավոր ժամանակներ են: Ժամանակը, ժամանակի թելադրանքը կա՞ Ձեր գործերում:
-Գրելու համար երևի թե միշտ լավ ժամանակներ են, գուցե անպատեհ, բարդ, բայց ժամանակն իր տարողունակությամբ հետաքրքիր է և հատկապես հետաքրքիր են մարդիկ այդ ժամանակի մեջ: Ինչպես ասում էր Էլիոթը` որովհետև գիտեմ, որ ժամանակը ժամանակ է միշտ, իսկ վայրը` միշտ և միմիայն վայր, և այն, ինչ ընթացիկ է, ընթացիկ է մի ժամանակի և ճիշտ մեկ վայրի համար: Ես և իմ գործերն ընթացիկ ենք այս ժամանակի համար, և դրանից խուսափել հնարավոր չէ, նույնիսկ մեր տեքստերում ամրագրված ժամանակի պարագաները խոսում են դրա մասին՝ հիմա, այժմ, այս օրերին: Շատ եմ մտածում 80-ականների և 90-ականների այն վերջին երկու տարիների մասին, որոնցում հասցրի ծնվել, բայց չկարողացա հիշել, բայց հաշտ եմ այն նախընտրությանս հետ, որն ինձ այս ժամանակի մեջ է դրել:
-Երբ սպիտակ թղթի առաջ ես, պատասխանատվությու՞նն է ավելի բարձր բառի, տողի հանդեպ, թե՞ ազատությունը:
-Երբ գրում եմ, չեմ մտածում պատասխանատվության և ազատության մասին, բայց յուրաքանչյուր բառ երկուսի գոյությունն էլ ենթադրում է իր մեջ: Ազատության և պատասխանատվության հարաբերակցությունն է տարբեր, որովհետև ինչ-որ պահի նրանք նույնանում են. ազատությունն իր մեջ պատասխանատվություն է կրում, իսկ պատասխանատվությունը որոշակի ազատություն է ենթադրում իրենից: Բայց տողի մեջ այս երկուսից ոչ մեկը բացարձակ գերակա չէ, որովհետև այդ դեպքում տողը կարող է սահմանափակումների մեջ դրվել նույնիսկ ազատության կողմից:
-Ասում են՝ փոթորիկներից են ծնվում մեզ խաղաղություն բերող բանաստեղծությունները: Ինչի՞ց են ծնվում Ձեր գործերը:
-Նույնիսկ իմ փոթորիկներում երևի թե խաղաղություն կա, իսկ այդ խաղաղությունը սկսում է տեղավորվել մեկ այլ տեսակի խաղաղության մեջ, որ ծնվում է հենց գրվող բանաստեղծության հետ: Բանաստեղծությունն իր հերթին արդյունք է ամեն ինչի՝ մեկնելու միտք չունենալով՝ կայարանում լինելու ցանկության, առանց ամսաթվի և շաբաթվա օրվա իմացության ընթացող օրերի, բարձրահարկերն իր մեջ արտացոլող ջրափոսի, սև սուրճ չխմելու սովորության, հանդիպած բոլոր կատուներին ընտելացնելու ցանկության և ամեն օր 13:13-ին ժամացույցին մոտենալու պատահականության:
-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է գրադաշտը՝ գրողին ճանապարհ տալու, ձայնը լսելի դարձնելու առումով:
-Կարծում եմ՝ գրադաշտն այժմ բաց է գրողի առջև, այդ առումով կա ճանապարհ, որով քայլելու փորձ պետք է անել: Ցանկացած պահի կարող ես գործդ որևէ գրական կայքի կամ թերթի միջոցով հրապարակային դարձնել և ինչ-որ չափով լսելի դառնալ, իսկ թե որքան լսելի կլինի ձայնդ, արդեն կախված է ընթերցողի արձագանքից, արդյոք այն ամբողջականորե՞ն է տեղ հասել, թե՞ կտրատումներով, ինչպես այն ձայնը, որ մանկության տարիներին հնչեցնում էինք խողովակի միջով՝ փորձելով հասցնել այն մյուս կողմում սպասող ականջին:
-Բանաստեղծությունը ինքնանկա՞ր է:
-Բանաստեղծությունն ինքնանկար է, ընտանեկան խմբանկար, բնանկար կամ նատյուրմորտ, որովհետև նրա մեջ պատմում ես ինքդ քո մասին, պատմում ես պատմություններ, որ վավերագրական ֆիլմի պես դիտում ես ամեն օր, գրում ես այն տերևի մասին, որ արդեն չորրորդ տարին է, ինչ չորացրել և պահում ես տան ամենավաղ տպագրված գրքի ներսում: Բանաստեղծության կտավի կամ լուսանկարի հերոսները շատ են, բայց ձայնը, որ պատմում է նրանց մասին, ինքնանկարից է գալիս:
-Ծրագրերի մասին:
-Մեկ տարի անց ծրագրում եմ սկսել առաջին գրքիս հրատարակման աշխատանքները, դեռ չեմ շտապում, բայց ուզում եմ մեկ տեղում հավաքել և ներկայացնել բոլոր բանաստեղծությունները, գրքում ամրագրվելու ազատությունը տալ նրանց: Նաև ծրագրեր ունեմ արվեստագիտության և զբոսաշրջության համադրման հետ կապված, երազանք-նպատակ ունեմ Հայաստանի արվեստը՝ նաև ժամանակակիցը, զբոսաշրջիկների համար տեսանելի դարձնելու՝ ներգրավելով, իհարկե, նաև գրական ոլորտը՝ ստեղծագործողների, գրողների, հրատարակիչների և գրական ոլորտի բոլոր ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ: Իսկ հիմա շարունակելու եմ ստեղծագործել՝ ծրագրերից թերևս ամենակայունը և կարևորը։
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ